Կարանտինային ձեռքբերումներ

Վերջերս հասկացա, որ կարանտինի ընթացքում շատ ձեռքբերումներ եմ ունեցել ու նոր նախասիրություններ եմ ձևավորել։ Այսպիսով.

Վայր։ Տուն, սենյակ, այգի

Ժամանակահատված։ 2020 թվական, կարանտինային օրեր

Ձեռքբերումներ։ ներդաշնակություն, հանգստություն, ազատություն, հիշողություններ, նոր աշխարհայացք

Նոր նախասիրություններ։ Նկարել, երաժշտություն լսել, գրել, շախմատ խաղալ, քնել, ծիրան ուտել, այգում ճոճորվել։

Սկսենք նախասիրություններից։

Նկարչություն։

Մինչ կարանտինը այդքան էլ հետաքրքրված չէի նկարելով։ Երբեմն թղթի վրա որոշ պատկերներ էի խզբզում, իսկ այժմ սկսել եմ սիրել նկարելը, այժմ հասկացել եմ որ գուցե նկարս լավ չստացվի և ես գոհ չլինեմ իմ նկարից, բայց դա չի նշանակում որ վատ նկարիչ եմ։ Նկարելու ժամանակ ձեռքիս շարժումները սիրտս է կառավարում։ Սրտիցս են դուրս գալիս բոլոր պատկերներն ու գույները որոնք տպում եմ թղթի վրա։

Երաժշտություն։

Կարանտինում հայտնվելու պատճառը մեր կյանքը պաշտպանելն է վիրուսից։ Վերջին ժամանակներում վիրուսի տարածման լուրերը և կյանքի անսովոր ընթացքը կարող է լավ չազդել մարդու հոգեկան աշխարհի վրա։ Որպեսզի վատ լուրերն ու մտքերը չազդեն ինձ վրա, ես որոշեցի երաժշտության մեջ գտնել հանգստությունը։ Լսում եմ տարբեր ժանրերի երաժշտություններ ու փորձում եմ բացահայտել բոլոր այն երգիչ-երչուհիներին, որոնց մասին անդադար լսում եմ, բայց չգիտեմ նրանց։ Երաժշտություն բացահայտելը նաև նպաստեց նոր աշխարհայացքին։

Գրականություն։

Բոլորն առաջարկում են գիրք կարդալ այս օրերին, երևի միայն ես եմ որ ոչ ոքին չեմ առաջարկում գիրք կարդալ, չնայած, որ գրեթե ողջ կյանքս գիրք կարդալով եմ անցկացրել։ Գիրք կարդալու ցանկությունը պետք է սրտից գա, և կարդալ առաջարկել այն մարդուն, ով ցանկություն չունի անգամ լսել այդ մասին՝ կարծում եմ աբսուրդ է։ Ես գիրք չեմ կարդում հիմա, որովհետև ցանկություն այնքան էլ չկա, փոխարենը գրում եմ։ Որոշել եմ գիրք գրել, շատ մտքեր ունեմ ու ուզում եմ դրանք արտահայտել իմ գրքում։ Հաջողություն մաղթեք, որովհետև չգիտեմ անգամ ինչպես սկսել…

Շախմատ։

Մի հին շախմատ եմ գտել տանս, որն այնքան հիշողություններ ունի իր մեջ։ Այո, իմ շախմատը հիշողություններով լի է, ես հիշում եմ հատ առ հատ այն մարդկանց ում հետ խաղացել եմ այս շախմատը, հիշում եմ բոլոր այն տարօրինակ խաղերը որոնք խաղում էինք շախմատի քարերով, ու այդ խաղերը ոչ մի կապ չունեին իրական շախմատի հետ, հիշում եմ մարդկանց ում վնաս եմ հասցրել այդ շախմատով։ Այդ ամենը հիշում եմ ինքս ինձ հետ շախմատ խաղալով։ Ցավոք, մարդիկ ում հետ խաղացել եմ ու ունեցել եմ այդ հիշողությունները չունեն նույն ցանկությունը շախմատ խաղալու ու նոր հիշողություններ ստեղծելու, այդպիսով ստիպված եմ ինքս ինձ հետ շախմատ խաղալ ու հերթով հիշել ամենը։

Քնել։

Կարանտինի ժամանակ կարող ես լիքը նոր բաներ բացահայտել, բայց կարող ես նաև հանգստանալ։ Վստահեմ, որ մինչ կարանտինը բոլորս ունեցել ենք դասերով ու գործերով լի առօրյա, հիմա կարող ենք հանգստանակ այդ ամենից, հանգստանալ քնելով։ Ես սկսել եմ շուտ քնել և շատ ուշ արթնանալ, օրվա մեծ մասը քնած եմ անցկացնում։ Դա այնքան էլ վատ չէ, շրջապատիդ մարդիկ կմտածեն, որ վատ է, քանի որ օգուտ չես տալիս, բայց կոնկրետ իմ շրջապատի մարդկանց ես շատ մեծ օգուտ եմ տալիս իրենց տեսադաշտում չհայտնվելով և անդադար չխոսելով։ Կատակում եմ, իմ շրջապատին էլ դուր չի գալիս, որ քնած եմ ողջ օրը, բայց միայն նրա համար, որ տնային գործեր շատ չեմ անում։ Կարծում եմ պետք է քնեմ, արթնանամ, հաց ուտեմ, տնային գործերն անեմ, նորից քնեմ և ամեն ինչ լավ կլինի։ Կատակում եմ, ընտանիքի անդամների համար այնքան կարևոր չէ գործ անելը ինչքան որ իրենց կողքին իրենց երեխային ունենալը, բացակա չհամարելը, բայց հիշեք որ իրենց կողքին գտնվելը չի փրկի ձեզ տնային գործեր անելուց։

Ծիրանն ու այլ ամենահամով մրգերը։

Մենք ունենք այգի, այգին ունի ծառեր և ծառերն ունեն շաաատ համով մրգեր։ Մեր այգու ամենահամով միրգը ծիրանն է։ Մեր ծիրանը գրեթե հասնում է, չնայած խակ ծիրանները, այլ կերպ ասած ցոգոլները ունեն քաղցրություն։ Այսպիսով, իմ նախասիրություններից մեկը ծիրան ուտելն է։ Երկար չեմ գրի թե ինչու և ինչպես։ Համով է ու ես էլ քաղցրի սիրահար եմ։ Մենք այլ մրգեր էլ ունենք, որոնք արդեն անհետանում են ծառերի վրայից, իմ պատճառով, մեղավոր եմ, կներեք։

Հայրիկիս ձեռքերով ստեղծված ճոճանակս։

Կարանտինի ընթացքում մենք շատ ուշադրություն ենք դարձրել մեր այգուն, մաքրել ենք, խնամել ենք, ձևավորել ենք ու նաև մի ճոճանակ ենք սարքել, այսինքն հայրիկս է սարքել (այս օրերին նաև ընտանիքիս անդամների կարողություններն եմ բացահայտել)։ Ամեն օր երեկոյան, երբ քամին ծածանում է մեր հոգիները, մենք դուրս ենք գալիս մեր շոգ տներից ու ճոճորվում ենք։ Ճոճորվելը արդեն դարձել է մեր նախասիրությունը, ճոճանակը դարձել է մեր զվարճությունների ու լուրջ խոսակցությունների կենտրոնը։ Իսկ ճոճանակի առանձնահատկությունն այն է որ այն ստեղծվել է հորս ձեռքերով։

Իսկ հիմա խոսենք ձեռքբերումներից։ Ձեռք եմ բերել ներդաշնակություն, հանգստություն, ազատություն, հիշողություններ և նոր աշխարհայացք։ Ձեռք եմ բերել նախասիրություններիս շնորհիվ։ Ներդաշնակություն ձեռք եմ բերել ճոճորվելու շնորհիվ, հանգստությունը քնելուս շնորհիվ, ազատությունը գրելուս, հիշողությունները շախմատ խաղալու և նոր աշխարհայացքը երաժշտության աշխարհը բացահայտելու շնորհիվ։

Սա էլ իմ նախասիրությունները ու դրանց շնորհիվ ունեցած ձեռքբռրումները։

Սերունդների տարբերություն

Սերունդների տարբերություն նախագիծ

Նախագծի շրջանակներում ուսումնասիրություններ կատարեցի, ավելի ուշադիր դիտեցի իմ և իմ ընտանիքի հարաբերությունները, ահա արդյունքը:

Մայր և աղջիկ
Իմ և մայրիկիս տարիքային տարբերությունը 29 տարի է: Թվում է, որ սերունդների բախում հաճախ է տեղի ունենում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Ես ուսումնասիրող ու նոր բաներ փնտրող անձնավորություն եմ, մայրս նույնպես, նա նաև շատ լավ կարողանում եմ մտնել դիմացինի դրության մեջ: Մենք ունենք տարբեր հետաքրքրություններ, կարծում եմ մեր տանը անհամաձայնությունները այդ պատճառով են լինում: Սովորաբար մայրիկիս հետ անհամաձայնություններ եմ ունենում հագուստի և սննդի վերաբերյալ: Ես ունեմ ուրիշ ոճ, մայրս ուրիշ ու երբեմն համաձայնության չենք գալիս հագուստի հարցում: Չկան շատ ուտելիքներ, որոնք սիրում եմ,այդպիսով երբեմն դրա շուրջ ևս անհամաձայնություններ են լինում: Մենք երբեմն փոքրիկ վեճեր ենք ունենում իմ պահվածքի վերաբերյալ: Մենք հաճախ ենք զրուցում, եթե մի բան սխալ եմ անում մայրս զրուցում է այդ մասին ինձ հետ, ու ամեն ինչ հարթ է ընթանում, կարծես մեր տանը սերունդների բախում հաճախ չի լինում:

Տատ և թոռ
Տատիկիս և իմ տարիքային տարբերությունը ավելի քան քառասուն տարի է, կարելի է ասել լրիվ տարբեր ժամանակաշրջաններում ենք ծնվել ու մեծացել: Իսկ իրականում մեր ընտանիքում տարիքը կապ չունի, մենք բոլորս ահագին ժամանակակից ենք, գուցե տատիկս հեռախոսներից գլուխ չի հանում, բայց մտածելակերպը դառնում է ժամանակակից և մեր տանը գնալով ավելի քիչ վեճեր են լինում կենցաղի վերաբերյալ: Առաջ տատիկիս հետ շատ էի բանավիճում կենցաղի վերաբերյալ, իսկ այժմ դրանք քչացել են: Ես ու տատիկս ունենք բնականաբար շատ տարբեր հետաքրքրություններ: Նա սիրում է հեռուստացույցով սերիալներ նայել, իսկ ես ֆիլմեր, մուլտֆիլմեր, իսկ իրականում մենք դրանք միասին ենք նայում, ես իր հետ նստում սերիալի հերոսներին եմ քննարկում, հետո ինքն ինձ հետ նստում ու մուլտֆիլմ նայելով ծիծաղում է: Կարելի է ասել ես տանը բոլորի հետ կարողանում եմ հաշտ հարաբերություններ ստեղծել իրենց հետաքրքրությունները յուրացնելով:

Քույրեր
Քույրս ինձնից տասը տարով մեծ է: Երևի մեր տանը ամենաշատը վեճեր ունենում եմ քրոջս հետ: Կարծում եմ բոլոր քույրերն էլ ունենում են վեճեր: Մենք հիմնականում վիճում ենք, որովհետև ես գողացա իր հագուստը, իսկ ինքը իմ սեղանը, բայց մենք լուրջ վեճեր չենք ունեցել: Քույրս միակն է ում հետ ոչ մի հետաքրքրություն չեմ կարողանում կիսել, չնայած շատ նման ենք, նման ենք արտաքինով, մազերով ու հեռախոսի մեջ ժամանակ անցկացնելով: Քրոջս հետ շատ եմ կատակներ անում, երևի շատ եմ նյարդայնացնում, որովհետև մեր վեճերի պատճառներից մեկը դա է:

Հայր և աղջիկ
Հորս հետ հարաբերությունները ամենախաղաղն են մեր տանը: Քանի որ աշխատանքի է լինում շատ չենք շփվում, բայց երբ տանն է միասին  խոսում ենք  ու ծիծաղում, երբեմն քաղաքական դեպքերն ենք քննարկում: Բայց հայրիկիս հետաքրքրությունները շատ չեմ կիսում, այդ պատճառով իր հետ շփումն ավելի քիչ է քան մյուսների հետ շփումը:

Մեր ընտանիքում հինգ անդամ ենք, չորս սերունդներ, տարբեր սովորույթներ, բայց մենք մեծ մասամբ խաղաղ ենք անցկանցնում մեր ժամանակը: Շատ բաներ կան, որոնք բոլորիս մի վայրում են հավաքում, և մենք բոլորս կիսում ենք այդ բաները, օրինակ` տունը, մեր այգին, մեկ էլ խաղերը,որոնք խաղում էին 90-ականներին, բայց մեր տանը դրանք չեն հնանում, այդպես համել իմանում եմ մեծերի ապրած կյանքի մասին:

《Թաքնված տաղանդների բացահայտում》նախագիծ

《Թաքնված տաղանդների բացահայտում》նախագիծ

Նախագիծն իրականացնելու համար պետք է օգտվել հետևյալ տեխնիկայից։

Տեխնիկան կազմված է 4 փուլից.

Փուլ 1.

Օգտագործվող տաղանդներ

Ես ունեմ լավ վերլուծելու կարողություն։ Օգտագործում եմ կյանքի տարբեր իրավիճակների և մարդկանց հետ շփման ընթացքում առաջացող քննարկումների ժամանակ։ Վերլուծում եմ իրավիճակը, բառերը, պատկերները, այն ամենը ինչ հասանելի է իմ գիտակցությանը։ Ունեմ Մարդկանց հասկանալու կարողություն։ Մարդկանց հետ շփվելով հասկանում եմ իրենց հոգեվիճակը, բնավորությունը և խոսում եմ այնպես, որ խոչնդոտներ չլինեն շփման ընթացքում։ Երբեմն ընկերներս դժվար իրավիճակներում դիմում են ինձ, կարողանում եմ հասկանալ իրենց, բացատրել։ Ունեմ ինձ զսպելու կարողություն։ Ես ունեմ շատ էմոցիաներ, էմոցիաներս արտահայտում եմ խոսելով, երբեմն այլ ձևերով, բայց կարողանում եմ զսպել ինձ, երբ կա անհրաժեշտությունը։ Սովորաբար վեճերի ժամանակ ինձ զսպում եմ, որպեսզի վեճն ավելի չխորանա կամ չազդի հարաբերությունների վրա։ Ունեմ բացատրելու կարողություն։ Երբ պետք է ներկայացնել կամ բացատրել ինչ որ իրավիճակ կամ երևույթ, ես կարողանում եմ հարմար բառեր գտնել, նաև կարողանում եմ շատ լավ համեմատություններ անել։ Կարող եմ մի թեմայի մեջ գտնել բացասական և դրական կողմերը, կարող եմ բանավեճերում մի հարցի շուրջ համաձայնության գալ։ Իմ բոլոր ուժեղ կողմերը հիմնականում արտահայտվում են հասարակության մեջ, մարդկանց հետ շփման ընթացքում։

Չօգտագործվող տաղանդներ

Ինձ մոտ լավ է ստացվում պարելը, բայց չեմ փորձում խորանալ այդ ասպարեզում, հարկավոր չէ, պարում եմ հաճույքիս համար։ Ունեմ ստեղծագործելու համար շատ լավ երևակայություն, բայց չունեմ հմտություններ։ Բայց եթե սովոր էի նկարել, կկարողանայի մտքերս ավելի լավ արտահայտել նկարելու միջոցով։

Փուլ 2. Ես նույն հարցերը տվեցի տարբեր մարդկանց, ուսուցչիս, մայրիկիս, ընկերներիս։ Ամբողջովին տարբեր պատասխաններ ստացա։ Հասկացա, որ ուսուցչիս համար՝ ես պատասխանատու եմ, վերլուծող եմ, կարող եմ ամեն ինչ անել, անգամ եթե չեմ կարող, մայրիկիս համար՝ ես լուսավոր եմ, ինքնուրույն, զրուցող, մարդու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող, ընկերներիս համար՝ ես հավատարիմ եմ, լավ խորհուրդ տվող, կազմակերպված, հասկացող, ստեղծագործող, լավ գաղափարներ ունեցող, տարբերվող տեսակետ ունեցող։

Փուլ 3. Ես հասկացա որ ես բոլորի հետ նույն ձևով չեմ շփվում։ Բոլորը տարբեր պատասխաններ տվեցին, բոլորը տարբեր կարծիքներ ունեին իմ մասին։ Նոր տաղանդներ չբացահայտեցի, բայց վերհիշեցի թե առաջ ինչ տաղանդներ էի օգտագործում։

Փուլ 4. Ես վերհիշեցի իմ ստեղծագործելու տաղանդը, որի մասին մոռացել էի։ Ես հիշեցի, որ առաջ շատ էի գրիչս ձեռքս բռնում ու թղթի վրա անվերջ գրում, մտքերս արագ արագ տպում էի թղթի վրա։ Որոշեցի, որ պետք է նորից գրիչս ձեռքս առնեմ, որովհետև այդ տաղանդի շնորհիվ ես մի մարդ էի, ով ինքն իրենից գոհ էր, այժմ ես նորից կփորձեմ վերականգնել տաղանդս ու ինձ նորից այն մարդը դարձնել, որ միշտ ուզեցել եմ լինել։

Մեր ուղեղի տարօրինակությունները

Բժիշկ Սթիվեն Ջուանը գիտնական է, մարդաբան, դասախոս և լրագրող։ <<Ուղեղի
տարօրինակությունները>> գրքում նա բացահայտում է մարդկային օրգանիզմի ամենաբարդ մասերից մեկի ՝ ուղեղի աշխատանքի գաղտնիքներն ու առանձնահատկությունները։ Գրքում հեղինակն անդրադարձել է հայտնի գիտնականների մոտեցումներին և ներկայացրել դրանք հետաքրքիր մատուցմամբ։ Հենց դա է պատճառը , որ այն հեշտ ընթեռնելի է և հետաքրքիր է ընթերցողների լայն շրջանակների համար։ Կարդացի այդ գիրքը և ընտրեցի ինձ համար հետաքրքիր թեմա, Քոթարի համախտանիշ`Երբ ձեզ թվում է, որ դուք գոյություն չունեք:

Քոթարի համախտանիշ
Երբեմն ուղեղը մերժում է իր սեփական գոյությունը։ Դա կարելի է անվանել կտրուկ
ինքնամերժում։ Այն մարդիկ, ովքեր տառապում են քոթարի՝ այս հազվադեպ հանդիպող
համախտանիշով, համոզված են, որ իրենք արդեն մահացել են, կամ որ իրենց մարմնի որևէ
հատվածը գոյություն չունի։ Նրանք կարող են նաև կարծել, որ ուրիշ մարդիկ ևս գոյություն
չունեն և աշխարհը գոյություն չունի։ Մի խոսքում շուրջբոլորը դատարկություն է։
Երբեմն հիվանդները վստահ են, որ իրենց մոտ բացակայում են կյանքի համար կարևոր
օրգաններ, օրինակ ուղեղը կամ սիրտը։ Նրանք նաև կարող են պատկերացնել, որ իրենց
մարմնի չափսերը մեծանում են։ Օրինակ, որ իրենց մարմինը դարձել է տիեզերքի կամ երկնքի
չափ։ Բավական հաճախ, այս հիվանդները փորձում են ստուգել սեփական անմահությունը ՝ վտանգավոր
փորձեր անելով կամ փորձելով ինքնասպանություն անել փորձելով։ Նրանք չափազանց
տարված են սեփական մահվան գաղափարներով և հաճախ խնդրում են, որ իրենց սպանեն։ Միջին ծանրության դեպքում հիվանդները ունենում են հիասթափության զգացում և ինքնազզվանքի զգացողություն։ Սակայն, եթե խանգարումը ավելի է բարդանում , այցելուները պատկերացնում են , որ փոփոխություններ են տեղի ունենում ինչպես իրենց ներսում, այնպես էլ դրսում։ Թեպետ մարդիկ կարող են տառապել Քոթարի համախտանիշով գրեթե բոլոր տարիքներում, այս վիճակը սովորաբար դրսևորվում են միջին տարիքում։ Առավել հաճախ այն հանդիպում է կանանց մոտ, քան տղամարդկանց։ Թեպետ ոչ մի կոնկրետ բացատրություն դրան չկա դեռևս։ Այցելուները հաճախ ունենում են  նորմալ մանկություն, նոպաները հաճախ ի հայտ են գալիս հանկարծակի ՝ առանց հոգեկան խանգարման նշաններ։   Մերժելով սեփական մարմնի տարբեր մասերի գոյությունը, հիվանդերից մեկը պնդում էր
հետևյալը ՝
— Նախկինում ես սիրտ ունեի, իսկ այժմ դրա փոխարեն ինչ որ ուրիշ բան է բաբախում։ Ես
չունեմ որովայն, և ես երբեք չեմ ցանկանում ուտել։ Երբ ես ուտում եմ, զգում եմ
ուտելիքի համը, սայկայն այն բանից հետո , երբ անցնում է կերակրափողով ,մ այլևս
ոչինչ չեմ զգում։ Այնպիսի տպավորություն է, որ սնունդը անդունդն է ընկնում։
Նիլի դեպքը
26- ամյա Նիլի պատմությունը Քոթարի համախտանիշի դրսևորման դասական օրինակ
է։ Նիլը, ով ընթանիքի միակ երեխան էր, ունեցել է բավական նորմալ մանկություն։ Սակայն
երբ նա 26 տարեկան էր, նրա ծնողները մահացան ավտովթարի հետևանքով։ Նիլը խորը
հավատքով անձնավորություն էր, իսկ այդ դժբախտությունը բարկացրեց նրան, նա սկսեց
մեղադրել ծնողների մահվան մեջ իրեն։ Նա կտրեց բոլոր տեսակի կապերը մարդկանց և
արտաքին աշխարհի հետ, թողեց համալսարանը, սկսեց օգտագործել թմրանյութ և գրեթե
ոնչնչով չզբաղվել ՝ ապրելով ծնողներից փոխանցված ժառանգության հաշվին։ Որոշ
ժամանակ Նիլին հետաքրքրում էր սպիրիտիզմը՝ հատկապես ռեինկարնացիայի թեման։
Արդյունքում ընտանեկան բժիշկը համոզեց Նիլին դիմել հոգեբուժարան։ Նիլին թվում էր, որ
իր մարմինը գույություն չունի, չէր ընդունում , որ ունի գլուխ, ոտքեր․․․, որ ուտում է , խմում ,
չէր ցանկանում հագնվել, երբ փողոց էր դուրս գալիս։ Թերապիաներից մեկի ժամանակ Նիլին
առաջարկեցին ջուր խմել։ Հետո խնդրեցին բացատռրել, թե ուր անհետացավ ջուրը։
Երիտասարդը պատասխանեց, որ այն անհետացել է․․․․ նմանօրինակ մյուս հարցերին նա
պարզապես պատասխանում էր՝ չգիտեմ։

Այս համախտանիշի մասին առաջին անգամ էի լսում, շատ հետաքրքիր էր իմանալ, որ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ իրենք գոյություն չունեն, նրանք հավատում են իրենց անմահությանը:   Նրանք երբեմն հիասթափվում են իրենցից, ինքնազզվանք են արտահայտում, խնդրում են սպանել իրենց, գուցե իրենք չեն ուզում ապրել, որովհետև իրենք այն մարդը չեն որը կուզեին լինել, կամ չունեն այն կյանքը, որ կուզենային ունենալ և այնքան ալարկոտ են եղել ստեղծելու իրենց սեփական կյանքը, որ ցանկացել են մահանալ, գոյություն չունենալ: Կարծում եմ նման մարդիկ սպանում են իրենց սիրտն ու ուղեղը, ոչնչացնում են ռեսուրսները ապրելու (ոչ բառացիորեն), չունեն պատճառները ապրելու, գուցե պատասխանատվություն չունեն ապրելու, ներշնչում են իրենց որ գոյություն չունեն, այդպես ավելի հեշտ կլինի ֆիզիկապես մահանալը: Նրանք չեն զգում իրենց գոյությունը, որովհետև չեն զգում նաև իրենց շրջապատող աշխարհը, նրանք հաճախ անորոշության մեջ են հայտնվում, իրենց մտքերը խառնված են, ընտրություն են կատարում լինելու և չլինելու միջև: Իրենք կարծես տիեզերքում լինեն, իրենց աշխարհն անհետանում է սև խոռոչում: 

Կորոնավիրուսային խուճապ

Կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհում, կան զոհեր, կան բազմաթիվ հիվանդներ և կան խուճապահար ամբոխներ: Իսկ ինչու են մարդիկ անընդհատ տագնապ տարածում, անընդհատ վախերի մեջ ապրում և որտեղից է գալիս վախը: Ես կմեջբերեմ հոգեբան Արմեն Բեջանյանի խոսքերից վախերի վերաբերյալ, նա ասում է, որ մարդն ունի չորս տեսակի վախ` վախ մահից, վախ հասարակության վերաբերմունքից, վախ կորուստից և վախ խելագարվելուց: Մարդիկ վախենում են վարակվելուց և մահանալուց, մարդիկ վախենում են հարազատների կորստից, նորմալ է, որ նրանք ունեն այդ վախերը, բայց խուճապը սկսում է նրանից, երբ մարդիկ ունենալով այդ վախերը  դիտարկում են իրավիճակը վտանգավոր և սկսում են տագնապի մեջ ընկնել, նրանք գերագնահատում են իրավիճակը, նրանք հետևում են սոց. կայքերում տիրող աժխուժությանը և ավելի են տագնապների մեջ ընկնում,  վազում են խանութ և դատարկում են դարակները: Նկատել եմ, որ լրատվական կայքերն ավելի են մեծացնում խուճապը, երբեմն սուտ տեղեկություններ են տարածում, երբեմն ճիշտ տեղեկությունը մատուցում են այնպես կարծես աշխարհի վերջը մոտ է: Մարդիկ գնում են իրենց էմոցիաների ետևից, բանականությունը պարտվում է:

Ռոբին Շարմա, Կյանքի 200 դաս

Ռոբին Շարմաի Կյանքի 200 դաս գիրքը կարդալուց հետո հասկացա, թե ինչպես կարելի է ճիշտ կարգավորել ժամանակը, չթողնել, որ մեր կյանքը և տաղանդները անիմաստ վատնվեն: Խորհուրդներ կան, որոնք շատ սիրեցի ու անձամբ ես էլ խորհուրդ կտամ մարդկանց:

1.Առավոտյան մեկ ժամ նվիրեք ձեզ կարգի բերելուն:
2.Հեռախոսազանգերին միշտ պատասխանեք մեծ ոգևորությամբ և ցույց տվեք ձեր
հարգանքը զանգահարողին:
3.Օրվա ընթացքում մեզ այցի են գալիս ոգևորիչ և լավ մտքեր: Ձեր դրամապանակում
դրեք ոչ մեծ թղթեր և գրիչ, որպեսզի գրեք այդ մտքերը:
4.Կիրակին տրամադրեք ձեզ և դա դարձրեք սովորություն:
5.Միշտ հիշեք կարևոր սկզբունքը, որ ձեր կյանքի որակը ձեր հաղորդակցության
որակն է: Դա ձեր հաղորդակցումն է ուրիշների հետ և, որն էլ ավելի կարևոր է,
ինքներդ ձեզ հետ: Դուք կստանաք այն, ինչի վրա կենտրոնացված եք: Եթե դուք
փնտրում եք դրական բաներ, դուք այն կստանաք: Սա բնության հիմնական օրենքն է:
6.Ամեն առավոտ հայելու առաջ 5 րոպե ծիծաղեք:
7.Սովորեք լինել հանգիստ:
8.Փորձեք պահպանել հումորը օրվա ընթացքում:
9.Դուք պետք է ունենաք առաքելություն այս կյանքում:
10.Ոչ ոք առանց ձեր թույլտվության իրավունք չունի ձեզ վիրավորել կամ
նեղացնել:
11.Հիշեք մարդկանց անունները և լավ վերաբերվեք բոլորի հանդեպ: Դա
էնտուզիազմի հետ միասին համարվում է սովորություն և համարվում է
հաջողության հասնելու գլխավոր գաղտնիք: Բոլորը այս աշխարհում կրում են
հետևյալ երևակայական գաղափարը. «Ես ուզում եմ ինձ գնահատված և
կարևոր զգալ»:
12.Ձեր գրասենյակում ունեցեք երաժշտական որևէ սարք և օրվա ընթացքում
ունկնդրեք թեթև,հանգստացնող երաժշտություն:
13.«Երկու րոպեանոց միտքը» լավագույն միջոցն է մտքի համակենտրոնացման
համար : Պարզապես նայեք ձեր ժամացույցի երկրորդ սլաքին 2 րոպեի ընթացքում
և ոչնչի մասին մի մտածեք:Սկզբում ձեր միտքը կսկսի շեղվել, բայց 21 օր հետո ձեր
ուշադրությունը այլևս չի շեղվի: Կարևորագույն հատկանիշներից մեկը, որի
շնորհիվ մարդը կարող է հասնել հաջողության դա երկար ժամանակ
կենտրոնացած լինելու կարողությունն է:
14.Մի հարցրեք,թե ինչ կարող է ձեզ համար անել աշխարհը,այլ հարցրեք,թե դուք
ինքներդ ինչ կարող եք անել նրա համար:
15.Անցկացրեք ձեր ժամանակը բնության գրկում։
16.Դարձեք արկածներ որոնող։ Կրկին երեխաներ դարձեք։
17.Վայելեք կյանքը, բայց միշտ վայելքները չափավորեք սառը
դատողությամբ և առողջ մտածողությամբ
18.Գտեք ուսուցիչ, ումից դուք կցանկանայիք օրինակ վերցնել և ով ձեզ կուղղորդի
ձեր ճանապարհին։ Բոլոր սխալները աշխարհում արդեն ինչ- որ ժամանակ ինչ որ
մեկի կողմից կատարվել են։ Ինչու՞ դուք չօգտվեք ուրիշների փորձից։
19.Երբեք մի բողոքեք։ Թողեք, որ ձեզ ճանաչեն որպես դրական, ուժեղ, ակտիվ
անձնավորություն։
20. Եղեք լավ ինֆորմացված կատարվող իրադարձությունների, նոր գրքերի և
ժամանակակից ուղղությունների հետ կապված։
21.Զգայությունների 83 տոկոսը մենք ստանում ենք աչքերի միջոցով: Եթե իրոք
ցանկանում եք կենտրոնանալ որևէ բանի վրա, փակեք աչքերը և ձեզ խանգարող
ամեն բան կվերանա:
22.Եղեք ձեր կամքի տերը և ձեր խղճի ծառան:
23.Սովորություն դարձրեք երեկոյան քնելուց առաջ որևէ դրական և ոգեշնչող բան
կարդալը:
24.Չինական ասացվածքում ասվում է՝ «Խելացի մարդու հետ մեկ զրույցը արժե մեկ
ամսվա գրքի ընթերցանություն»: Փնտրեք իմաստունների, սովորեք նրանցից: Նրանք
ձեր կողմից հետաքրքրվածության են սպասում, որպեսզի կիսվեն իրենց
գիտելիքներով:
25. Ձեր յուրաքանչյուր օրը վերածեք արվեստի:
26.Երբ լսում եք, մի խոսեք: Առավել հաճախ հանդիպող ամենակոպիտ սխալներից
մեկը խոսողին ընդհատելն է: Լսեք մեծ ուշադրությամբ: Այդպես դուք շատ բան
կսովորեք և շատ մարդիկ ձեր խորհրդի կարիքը կունենան:
27.Դուրս եկեք փողոց և կես ժամ նայեք կապույտ երկնքին: Զգացեք այն ուժեղ
զգացողությունը, որը առաջանում է, երբ դուք կապ եք հաստատում բնության հետ:
28.Դաստիարակեք ձեր մեջ պարտաճանաչությունը, քանի որ այն չափազանց
անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Այն արտահայտում է այլոց հանդեպ
ձեր ունեցած հարգանքը: Առանց դրա, անգամ ամենախելացի մարդը տհաճ է թվում:
Ո՛չ շուտ եկեք, ո՛չ էլ ուշացեք: Ծրագրավորեք ձեր ժամանակը:
29.Բոլոր մարդիկ ձեր մասին տարբեր տեսակետներ ունեն: Իրականում ձեզ պետք է
անհանգստացնի միայն ձեր բնավորությունը: Դուք պետք է այն լիովին կառավարեք և
զարգացնեք:
30.Սովորեք ծիծաղել ինքներդ ձեզ վրա
31.Ժամանակ հատկացրեք ընտանիքին, երեխաներին
32.Ձեր տունը լցրեք վառ գույներով: Թո՛ղ ծիծաղի և հաճելի երաժշտության ձայնը
լցնեն ձեր բնակարանը:
33..Եթե դուք այսօր չեք ժպտացել, նշանակում է, որ դուք այսօր չեք ապրել: Ծիծաղեք
շատ և բարձր: Ինչպես ասում էր Ուիլյամ Ջեյմսը, « Մենք ոչ թե ծիծաղում ենք այն
պատճառով , որ երջանիկ ենք, այլ երջանիկ ենք, որովհետև ծիծաղում ենք»:

Այս երեսուներեք խորհուրդներն ընտրեցի երկու հարյուրից, կարծում եմ դուք էլ կկարողանաք գտնել ձեզ անհրաժեշտ խորհուրդները: Բայց կար նաև մի խորհուրդ, որին համաձայն չեմ և կուզեյի գրել թե ինչու:

Թույլ մի տվեք, որ փոքր բաները շեղեն ձեզ կարևոր բաներից: Հարցրեք ձեզ. <<Ես օգտագործու՞մ եմ իմ ժամանակը լավագույն ճանապարհով>>: Ժամանակի կառավարումը կյանքի կառավարումն է, ուստի ձեր ժամանակի հետ վարվեք մեծ հոգատարությամբ:

Այս խորհուրդի հետ համաձայն չեմ: Մարդիկ ունեն նպատակներ, իրենց նպատակին հասնելու ճանապարհներին բազմաթիվ փորձություններ կան, կան նաև փոքրիկ բաներ, որոնք մի քիչ թեք են ճանապարհից, բայց դրանք գիտելիքներն ու փորձն են, որոնք շեղում են հիմնական նպատակից, բայց միաժամանակ թույլ են տալիս մարդուն գտնելու ճիշտն ու սխալը, թույլ են տալիս մարդուն մոտենալ իր իրական նպատակին: Մարդու կյանքը չի սկսվում այնտեղից, որտեղ նա հասավ նպատակին, այլ այնտեղից, որտեղ սկսվեցին վերջին հասնելու փորձությունները: