Հայ Հին Վիպաշխարհ

 

Արա գեղեցիկ և Շամիրամ, Տիգրան և Աժդահակ, Արտաշես և Սաթենիկ, Արտավազդ

Արա գեղեցիկ և Շամիրամ

Արամի մահից հետո թագավորումն անցնում է Արամի որդուն՝ Արային, ով հայտնի էր,  իր անզուգական գեղեցկությամբ, այդ նույն ժամանակահատվածում Ասորեստանում իշխում էր Նինոսը, Նինոսի կինը՝ Շամիրամը, լսելով Արայի գեղեցկության մասին,  ցանկացավ տեսնել նրան, բայց վախենալով ամուսնու ահից, չկարողացավ կատարել իր ցանկությունը։ Նինոսի մահից հետո, Շամիրամը անմիջապես ուղարկեց իր պատգամավորներին, որպեսզի տեղ հասցնեն իր խնդրանքը, պահանջը։ Շամիրամը մշտապես մերժվում էր Արայի կողմից, բազմաթիվ մերժումներից հետո, Շամիրամը զորք հավաքեց և գնաց Արայի դեմ պատերազմի,  նա ամենևին չէր ուզում սպանել Արային, այլ որ նրան իշխի, սակայն Արայի զորքը կոտորվեց և Արան նույնպես ընկավ։ Շամիրամը հրամայեց աստվածներին կենդանացնել Արայի մարմինը, բայց տեսնելով, որ այն քայքայվում է՝ թաքուն թաղեց, մեկ ուրիշ մարդուն այնպես հագցրեց ու զուգեց, որ նմանվեց Արային և Շամիրամն ամբողջ աշխարհին հայտարարեց, որ Արային աստվածները կենդանացրին։

Մարդիկ միշտ իրենց ցանկությունների հետևիցեն գնում, իրենց նպատակի և երազանքի, դա լավ է, երբ մարդն անխնա ջանքեր է գործադրում իր ուզածին հասնելու համար, բայց յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ իրենց ցանկությունը չեն կարող ուրիշի հաշվին կատարել,  կամ եթե ցանկությունը ուրիշ մարդու հետ է կապված՝ դու չես կարող այդ մարդուն հակառակ կատարել քո ցանկությունը, դա սխալ է, այս առասպելը մեզ դրա մասին է սովորեցնում։

Տիգրան և Աժդահակ

 

Աժդահակը Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, մնում էր անքուն և հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։

Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։

Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։

Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։

Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։

Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։

Խորհրդականները բազմաթիվ խորհուրդներ տվեցին, արդյունքում Աժդահակը որոշեց, որ պիտի իր և Տիգրանի բարեկամական կապերն ամրապնդի իր և Տիգրանի քրոջ ամուսնությամբ։ Մի նամակ է ուղարկում Տիգրանին,  որի մեջ իր ցանկությունն է հայտնում, Տիգրանը չի մերժում, չպատկերացնելով, թե ինչ դավադրություն է կազմակերպվում իր դեմ։ Աժդահակը որոշել էր Տիգրանուհուն կնության առնել, հետո Տիգրանի բարեկամներին կաշառել, որպեսզի կամ սպանեն, կամ լքեն Տիգրանին։ Տիգրանուհին դառնում է Աժդահակի կանանցից առաջինը և արքայավայել կյանք է վարում։ Տիգրանը բոլորին հրամայում է ենթարկվել տիրուհու հրամաններին։ Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղրոր դեմ։

— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղրայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց1 տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:

Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։

Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։ Այդ անձնական հանդիպումը Աժդահակը պատճառաբանում էր խիստ գաղտնի և կարևոր գործի անհրաժեշտությամբ, որն իբրև թե հնարավոր չէր հայտնել նամակով կամ պատվիրակների միջոցով։

Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ բացահայտվում է, Աժդահակի համար այլևս անհնար է դառնում որևէ խորամանկությամբ կամ պատրվակով իր չար խորհուրդը քողարկել։ Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։

Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։ Նա Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իր ընտիր զորագնդերը և իր ամբողջ զորությամբ, սքանչելի զինավառված՝ դիմում մեդացոց կողմերը։

Ահագնացող վտանգը հարկադրում է Աժդահակին ևս զորքերի մեծ բազմությամբ ելնել պատերազմի Հայկազունի Տիգրանի դեմ։ Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։
Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին, և երբ նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։

Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։

Հետագայում Տիգրանուհու սերնդից է սկիզբ առնում այս կողմերում հայտնի «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը։
Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անույշին, և Աժդահակից սերված բազմաթիվ պատանիների ու աղջիկների, գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան տասը հազար մարդ, Տիգրանը Մարաստանից բերում, բնակեցնում է Մասիսի արևելյան փեշերին՝ մինչև Գողթն գավառի սահմանները, Նախճավանի ամրոցի դիմաց։ Այդ բնակավայրերն են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և Երասխի ափին գտնվող այլ դաստակերտներ, որոնցից մեկն էլ Վրանջունիքն է։

Տիգրանը մարացիներին է թողնում նաև գետի մյուս ափին գտնվող Խրամ, Ջուղա և Խորշակունիք ավանները և մինչև Նախճավանի ամրոցն հասնող ամրողջ դաշտը։ Անույշին, իր զավակներով հանդերձ, Տիգրանը խաղաղ բնակեցնում է Մասիս լեռան փեշի երկրաշարժից առաջացած փլվածքի վերջում և նրանց տրամադրում սպասավորներ։

Այս առասպելը մեզ մի բան է սովորեցնում, չպետք է ապագան իմանալով փորձել կանխել դա, Աժդահակն իմացավ որ շուտով իր վրա կհարձակվի Տիգրանը և իր գործողություններով խթանեց Տիգրանի հարձակումը, չնայած փորձում էր կանխել այդ ամենը։

Արտաշես և Սաթենիկ

Ալանները կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ կույսին, սրտանց ցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալաննեըի արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։

Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։

Ալանների թագավորն ասում է.

Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն3։

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, այնժամ

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկը (ձին),
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ որպես սրաթև, արծիվ անցկացավ գետը,
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,
Արագ հասցնելով բանակը իր4։

Արտաշեսը բռնությամբ առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն հետևյալ ձևով.

Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին։

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։

ԱՐՏԱՎԱԶԴ

Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի, արտաքսում է Այրարատից3, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխանորդ, որովհետև ինքը զավակ չուներ։

Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ։

Արտաշեսի մահվան ժամանակ, երբ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը.

Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում,
Ես ավերակների վրա ում թագավորեմ։

Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով.

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես5։

Շատով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասսի փեշերին որսի դուրս գալիս, քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորս անգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան:

Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։

Այս առասպելը մեզ սովորեցնում է, որ չպետք է ագահ լինենք ու բավարարվենք մեր ուզածով, չմոռանանք, որ ունենք հարազատներ և փառքի ու հարստության համար չտրորենք նրանց,  նաև սովոիեցնում է, որ մեր յուրաքանչյուր արածի համար բոլորս պատասխան կտանք մի օր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s